Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Կորսված հեքիաթը գտած մարդը

Կորսված հեքիաթը գտած մարդը
24.06.2024 | 06:57

Ամեն առավոտ շանս զբոսանքի եմ տանում ու առաջին բարև, բարի լույսն աղբամանների մեջ օրվա ապրուստը փնտրող տղամարդուն ենք տալիս:

Հետո ծխախոտ ենք վառում, միասին ծխում ու զրուցում դեսից-դենից: Կիրթ, գրագետ մարդ է զրուցակիցս: Անցած օրը փորձեցի ծխախոտի տուփը նվիրել, հրաժարվեց.

- Պետք չի, խանութը բացվի կառնեմ:

- Լավ, գոնե մի երկու հատիկ վերցրու, մինչև խանութը բացվի:

Չմերժեց:

Շունս լուռ հետևում էր մեր զրույցին:

- Չի կծում չէ՞,- հարցրեց մարդը:

- Չէ՛, բարի մարդկանց վրա ո՛չ հաչում է, ո՛չ էլ կծում:

- Ասում են` շան տերը, եթե բարի է, շունն էլ է բարի:

Ծիծաղեցինք:

...Այս առավոտ էլ զբոսանքի էինք:

Մարդը չկար: Շունս աղբամանների մոտ կանգնեց, հոտոտեց, հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասես հասկացրեց՝ ուշացել ենք, գնացել է:

Հետո, հանկարծ ձիգ տվեց կապն ու վազեց դեպի ցայտաղբյուրը;

Ցայտաղբյուրի մոտ մեր ծանոթն էր, շունս ուրախությունից պոչն էր խաղացնում ու նրա տխուր աչքերի մեջ ուրախության փայլ կար:

Շան աչքերը չեն խաբում:

- Տես ի՜նչ եմ գտել,-ուրախ ասաց նա ու ցույց տվեց տիկնիկը,- լվանամ, մաքրեմ, տանեմ թոռնիկիս կտամ, ո՜նց կուրախանա:

- Քանի՞ թոռ ունես,-հարցրի ու զգացի, որ ձայնս խեղդվում է:

- Երկուսը՝ տղա, աղջիկ,- ասաց:

- Աստված պահի,- ասացի ու տեսա կորսված հեքիաթը գտած մարդու և՛ տխրությունը, և՛ ուրախությունը:

Լուռ ծխեցինք:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Մեկնաբանություններ